Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է հայտնվել նաև պարսկերենը»

«Թարգմանության առաջատար  լեզուների հնգյակում է հայտնվել  նաև պարսկերենը»
25.07.2014 | 11:20

Արքմենիկ Նիկողոսյանի և Աշոտ Գաբրիելյանի «Թարգմանություններ հայերեն 1991-2013» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է: «Իրատես de facto»-ի հետ զրույցում ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ասաց, որ առաջին հայացքից այն մատենագիտական ուսումնասիրություն է, որտեղ ի մի է բերվում անկախության շրջանում թարգմանական դաշտի բնույթը` լեզուներ, առաջատար լեզուներ, յուրաքանչուր տարվա կտրվածքով` թարգմանությունների քանակ, այդ ընդհանուր քանակի մեջ գեղարվեստական թարգմանությունների տեղը, դերը, թարգմանիչների սոցիալական դիրքը, կարգավիճակը, դրամաշնորհային կազմակերպությունների, հրատարակիչների դերն այս ամբողջ գործընթացի մեջ:

«Երբ մատենագիտական բոլոր տվյալները կարծես թե հավաքագրված էին, շատ հետաքրքիր օրինաչափություններ բացահայտվեցին մեզ համար: Վիզուալ առումով, թվում է, մենք ամեն ինչ գիտենք, և որոշ լեզուներ Հայաստանում թարգմանական առումով դոմինանտ են, բայց երբ գրքի, մատենագրության տեսանկյունից ես ուսումնասիրում, պարզվում է, որ այդպես չէ»,- նշեց գրաքննադատը: Օրինակ, մամուլում տպագրված և գրքի տեսք ստացած թարգմանությունները լրիվ տարբեր բևեռներ են: Եթե մամուլով դատենք, այսօր չկա այնպիսի լեզու, որից թարգմանություն չի կատարվում հայերեն, սկսած եբրայերենից, նորվեգերենից, իսլանդերենից: Բայց երբ թարգմանությունները գրքի տեսք են ստանում, սահմանափակվում են 8-10 լեզվի շրջանակում: Ընդ որում, եթե անկախության առաջին տարիներին ավելի շատ դոմինանտ լեզու էր ռուսերենը, ապա վերջին 4-5 տարիներին անգլերենը գերակշռելու միտում ունի: Արքմենիկ Նիկողոսյանը նշեց նաև, որ ամենաորակյալ գրքերը տպագրվել են 2012-ից սկսած, ամենաշատ լեզուներով գրքեր թարգմանվել են 2012-ին: «Ինչքան էլ քննադատեցինք «Երևանը` գրքի մայրաքաղաք» միջոցառումը` կատարման, իրականացման իմաստով, այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն շատ կարևոր դեր է խաղացել մեր երկրում գոնե թարգմանական գործի առումով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գրքերի քանակին ու բազմազանությանը, անկախության առաջին տարիներին դեռևս իներցիայով շատ գիրք է տպագրվել Հայաստանում, ընթացքում դրանց չափանիշն ընկել է, իսկ 2000-ականներին ահռելի քանակությամբ գրքեր են տպագրվել: Դրական միտումն այս դեպքում այն է, որ վերջին չորս տարիներին գրքերի անվանացանկը զգալիորեն կրճատվել է, բայց փոխարենը ավելացել է, հատկապես թարգմանական առումով, որակյալ գրքերի տպագրումը: Վերջին տարիներին որակյալ թարգմանություններ են իրականացվում նաև «դեֆիցիտ» լեզուներից` իսպաներենից, ֆիններենից, պորտուգալերենից, իտալերենից և այլն: «Լեզուներ կան, որ մեկ կրող ունեն Հայաստանում, օրինակ` նորվեգերենը մեկ մարդու շնորհիվ է կարողացել որոշակի առաջընթաց գրանցել»,- հավելեց զրուցակիցս:
1991-2013 թվականների ընթացքում հայերեն թարգմանություններ են կատարվել, առանձին գրքով հրատարկվել 32 աղբյուր լեզուներից: Ռուսերենը կազմում է ընդհանուր թարգմանությունների 31,1 տոկոսը, անգլերենը` 16,8 տոկոսը, ֆրանսերենը` 10,8, գերմաներենը` 3,2: Թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է հայտնվել նաև պարսկերենը (2,5 տոկոս), ինչը, ըստ ուսումնասիրողների, պայմանավորված է Հայաստանում պարսկական դեսպանատան, մշակութային գործիչների լավ աշխատանքով: Ըստ ամենայնի, թարգմանական ոլորտի զարգացման համար մեծ դեր ունեն նաև դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունները և տարբեր դեսպանատները Հայաստանում` իրենց գործունեությամբ:
Խոսելով թարգմանությունների գեղագիտական կողմի մասին, Արքմենիկ Նիկողոսյանն առանձնացրեց ֆրանսերենը, որպես ճաշակի լեզու. «Որովհետև թարգմանվում է հիմնականում արժեքավոր գրականություն: Ամեն լեզու իր շրջանակն ունի, օրինակ` գերմաներենը հիմնականում ծառայել է ցեղասպանության մասին գրականության թարգմանությանը, իտալերենը ավելի շատ մանկական գրականության թարգմանության լեզու է: Թուրքերենը, գուցե զարմանալի հնչի, բայց հատկապես վերջին տարիներին ամենաակտիվ դերակատարություն ունեցող լեզուներից է Հայաստանի թարգմանական դաշտում, և մի դրական միտում էլ կա. եթե նախկինում թուրքերենից հիմնականում թարգմանվում էին փաստաթղթեր, կոմերցիոն գրքեր, վերջին տարիներին ավելի շատ շեշտը դրվում է բուն մշակութային ժառանգության վրա, գեղարվեստական գրքերի, և այդ առումով էլ հաջողված է»:
«Խորհրդային շրջանում ամբողջ թարգմանական ծրագրերը, այսպես ասած պետականորեն ուղղորդվում էին, այսօր, թարգմանության առումով, հրատարակիչները նոր մարտավարության ու քաղաքականության կարիք ունեն: Կա նաև իրավական դաշտի խնդիր: Խորհրդային շրջանում ամենաթողություն էր, արտասահմանյան երկրներից ցանկացած գործ յուրացնում, թարգմանում ու մատուցում էին ընթերցողին: Այսօր արդեն հրատարակիչները պարտավոր են հաշվի նստել ցանկացած հեղինակի հետ, պաշտպանել հեղինակային իրավունքները, վճարել թարգմանիչներին (75 տարի հետո նոր միայն տեքստն ազատ է և համարվում է հանրության սեփականությունը),- ասաց ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, նշելով, որ գաղափարախոսության առումով ոչ միայն թարգմանությունները, նաև բնագրերն էին գրաքննության ենթարկվում:- Թարգմանությունների մեջ մենք տեսնում ենք շատ հատվածներ հանված, ձևափոխված, խմբագրված: Այժմ հրատարակիչները փորձում են այդ ամենից ձերբազատվել»:
Զրուցակիցս փաստեց, որ այսօր էլ այդ երևույթները կան, օրինակ` Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի անգլերեն և ռուսերեն տարբերակներում որոշ հատվածներ հանված են, կան երկուէջանոց նկարագրություններ, որոնք մեկ նախադասությամբ են ներկայացված: «Մեր հրատարակիչները կարողացել են դա բացահայտել և իրական բնագիրը մատուցել ընթերցողին»,- ասաց Աշոտ Գաբրիելյանը, նշելով, որ դրական տեղաշարժ է նաև այն, որ այսօր արդեն գրեթե չկան միջնորդավորված թարգմանություններ: Փոխվել են նաև գաղափարական շուկայի տարածքները, օրինակ, խորհրդային տարիներին շատ էր թարգմանվում վրացերենից, անկախության շրջանում առաջին անգամ վրացական գրականություն տպագրվում է 97-ին: Զրուցակիցս ընդգծեց, որ Հայաստանը, փոքր շուկա լինելով, թարգմանիչների պակաս ունի: Օրինակ` նորվեգերեն, շվեդերեն, հոլանդերեն, այս տիպի լեզուներից թարգմանություններ գրեթե չունենք, կամ մեկ-երկու թարգմանիչ է լինում, և առաջանում է թարգմանության խմբագրի խնդիր: Եթե թարգմանիչը միայն ինքն է տիրապետում լեզվին, չկա մեկ այլ թարգմանիչ, որ կարող է հասկանալ թարգմանության որակը, այն կարող է շատ անբարեխիղճ լինել: Պետք է նաև ուսումնասիրել ընթերցողի պահանջը, այսինքն` գրահրատարակչական շուկան այլ ոլորտ է, հաճախ գրահրատարակիչն իր շուկան ապահովում է դրամաշնորհով` հաշվի չառնելով ընթերցողի հետաքրքրությունը:
Մեկ այլ խնդիր. ինչպես գիտենք, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի գիրքը երեք թարգմանություն ունեցավ, Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպը` միաժամանակ երկու թարգմանություն: «Էլի կան նման օրինակներ, այսպես ասած, մեր քիչ ռեսուրսները ծախսվում են նույն գործը թարգմանելու վրա, երբ կարելի էր համակարգված, տրամաբանված գործել,- նկատեց Աշոտ Գաբրիելյանը:- Սա նաև թարգմանչի նախասիրությամբ է պայմանավորված: Մանավանդ, երբ թարգմանիչը չի տեսնում իր ստեղծագործության տպագրման և հետագա այլ խնդիրները»:
Հայ գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն, «Գրքի հարթակ» ծրագրի ներկայացուցիչ ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՅԱՆԸ ի լրումն ասաց, որ «Գրքի հարթակը» ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում. «Այս հետազոտությունը միակը չէ: Մինչ այս իրականացվել է հետազոտություն վերջին 20 տարում հայերենից 11 լեզվով արված թարգմանությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կատարվել են ուսումնասիրություններ նաև մեր երկրում ընթերցանության վիճակի, գրահրատարակչական ոլորտի, գրավաճառության վերաբերյալ»:
«Գրքի հարթակ» ծրագիրն ավարտվում է, սակայն ծրագրվում է նման ուսումնասիրությունները դարձնել ամենամյա:
«Թարգմանություններ հայերեն 1991-2013» գիրքը տրամադրվում է անվճար, կարելի է ձեռք բերել «Հայ գրականության հիմնադրամի» գրասենյակից կամ ներբեռնել «Գրքի հարթակ» ծրագրի կայքից:
ՈՒսումնասիրությունն օգտակար կարող է լինել հրատարակիչների, թարգմանիչների, մատենագետների համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ